Մթնոլորտի աղտոտում

Մթնոլորտային օդի աղտոտումը էկոլոգիական այն խնդիրներից է, որոնց վտանգը սպառնում է ողջ մարդկությանը։ Անկախ նրանից, թե որ երկրում եք ապրում՝ այս խնդրից խուսափեը դժվար է։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ օդի աղտոտվածությունն ամեն տարի սպանում է մոտ 7 միլիոն մարդու: Սա պայմանավորված է նրանով, որ տասը մարդուց ինը շնչում է աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող օդ։
Պետք է նշել, որ այս խնդրում իրենց դերը ունեն թե՛ մարդածին, թե՛ բնական գործոնները։ Բնական գործոնների օրինակներ են հրաբուխներից, հանքերից, ճահիճներից արտանետված գազերն ու նյութերը։                                          
Օդի բաղադրության փոփոխության հարցում մեծ բաժին ունի մարդկային գործոնը։ Մարդու ցանկացած գործունեություն՝ թե՛ կենցաղում, թե՛ արդյունաբերության, թե՛ գյուղատնտեսության մեջ, կարող է օդի աղտոտման պատճառ դառնալ։ 

Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են սահմանները: Մթնոլորտային հիմնական աղտոտիչներն են ծծմբի և ազոտի օքսիդները, ածխաթթու և շմոլ գազերը։ Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: Այս ամենի հիմքում, իհարկե, մարդու գործունեությունն է։                                                                              
Շրջակա միջավայրի և կենդանի օրգանիզմների համար բացասական ներգործություն կարող են ունենալ օդի բաղադրության և՛ որակական, և՛ քանակական փոփոխությունները։ Առաջին դեպքում օդում հայտնվում են նյութեր, որոնք ի սկզբանե չկային, երկրորդ դեպքում օդի բաղադրիչներից որևէ մեկի քանակը պատկասում կամ ավելանում է։        

Հետևանքներ

Պետք է հասկանալ, որ այնպիսի խնդիրները, ինչպիսին օդի աղտոտվածությունն է, լուրջ ազդեցություն են թողնում մարդկության կյանքի որակի, վաղաժամ մահացությունների վրա։ Այս ամենով պայմանավորված՝ նկատելի է մի շարք հիվանդությունների հանդիպման հաճախակիացում, որոնք հանգեցնում են մահվան։ Օրինակ ՝ ինսուլտ, սուր շնչառական վարակներ, սիրտ-անոթային հիվանդություններ և այլն։

Oդի աղտոտվածության պատճառով մահացության մակարդակը

Ինչպե՞ս պայքարել

Օդի աղտոտման խնդրի լուծումը պահանջում է համատեղ ջանքեր, քանի որ այն շատ մեծ մասշտաբներ է ստացել։ Պայքարի շատ տարբեր ձևեր կան, նորերը դեռ մշակվում և փորձարկվում են։

  • Վերականգնվող և էկո էներգիա

Այլընտրանքային կամ վերականգնվող էներգիայի աղբյուրներ ընտրելը էներգիա արտադրելու համար, գործնականում լուծում է տալիս օդի աղտոտվածությանը: Ըստ էության՝ վերականգնվող և կայուն էներգիայի աղբյուրներում ներդրումներ կատարելը նվազեցնում է աղտոտումը՝ միևնույն ժամանակ պաշտպանելով յուրաքանչյուրիս ապագան:

  • Տրանսպորտային արտանետումների նվազեցում

Աշխարհն այսօր ընտրում է տրանսպորտային այնպիսի միջոցներ, որոնք կարող են կանխել մեզ սպառնացող աղետը։ Մեծ տարածում է գտել հեծանվային տրանսպորտին անցնելը, էլեկտրոմոբիլների օգտագործումը։

Оставьте комментарий