Ձեռքդ ետ տար ցավի վրայից | Գրականություն 17.11.2022

Կարդալ, առանձնացնել կարևոր մտքերը, վերլուծել՝ Ձեռքդ ետ տար ցավի վրայից

Առավոտյան վաղ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով, ես նայում էի ուս-ուսի կանգնած պղնձագույն լեռներին և շաղված հայացքով ու քնատ ուղեղով չէի ըմբռնում, որ իրար ձուլված այդ լեռների մեջ կիրճ կա և այդ կիրճով անցնում է Արաքսը՝ սահման, և թե ահա այն ապառաժոտ լանջը Հայաստան է, մյուսը՝ Պարսկաստան… Նույն լեռնաստանն է, նույն քարն ու թուփը, նույն սողուններն ու զեռուններն են արևկող անում նույն արևի տակ, և միայն մարդի՞կ են տարբեր, թե՞ ջոկված: Ես ինչքա՞ն պիտի ապրեմ այստեղ, որպեսզի քնից արթնանալով՝ արդեն մեջս լինի մերն ու ոչ մերը:

Արաքսի ջրի գույնն ունեն Մեղրու լեռները: Եվ պղտոր ջրի ափին, ժանգոտ լեռների մեջ՝ առափի քարին նստած լողացող գեղեցկուհու է նման Մեղրի քաղաքը: Իրեն հասանելիք արդյունաբերական աղտն ու տենդը Ագարակին տված Մեղրին տեսնելով՝ ես առաջին անգամ հպարտություն զգացի հայ քաղաքաբնակի համար և առանց կասկածի որոշեցի, որ այդպիսի քաղաք է եղել Վանը:

Ամեն անգամ Լոռի գնալով ես զգում եմ, որ հիվանդանում եմ տեղական հայրենասիրությամբ և երեք օրից Երևանի ու Արարատյան դաշտի գոյությունը ինձ թվում է անիրական, չնայած իմ տունն այդտեղ է ու իմ երեխաները ծնվել ու ապրում են այդ դաշտում: 

Քանի մենք բարձրանում էինք, լեռնաշխարհը մեզ հետ բարձրանում էր: Արդեն այն սահմաններում էինք, որտեղ օդը ծփում է, ցնծում է մարդու թոքը և սիրտը խայտում է լեռնային գետակի ձկան նման: Հյուսիսի վրա Վիրահայոց լեռներն էին, հյուսիս-արևմուտք՝ Ջավախքի լեռնաշղթան ու դրա թիկունքին երևացողը, թերևս, Ջավախքի բարձրավանդակն էր, Բազումի լեռները մնում էին հարավ-արևելք… Եվ այսպե՜ս անտագնապ էր մարդուս հայացքը սահմաններ չընդունող բարձունքների վրա:

Оставьте комментарий